News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդիների եւ ԱԺ նախկին պատգամավոր  Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր որդիների միջեւ առաջացած թշնամանքը սկիզբ է առել «Օպերա»  ակումբում ծագած վիճաբանությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Զատիկյանի մայրը` Սոխակ Խոցանյանը:

Նրա խոսքով՝ իրենք Հակոբյանների ընտանիքի հետ շատ նորմալ հարաբերություններ են ունեցել մինչեւ  երեխաների դպրոցն ավարտելը: «Այսինքն` մինչեւ Վահանի դեպքը: Վահանը, որ կար, նրանք ռիսկ կանեի՞ն ինչ-որ բան անել: Դպրոցը ավարտելուց  հետո ընկերությունը չշարունակեցին: Յուրաքանչյուրն իր շրջապատն ուներ, բայց զգում էի, որ նրանք ծանր են տանում այդ հանգամանքը, որ մեր  երեխեքը իրանց երեխեքի հետ ընկերություն չէին անում: Բայց ընկերություն չանելու համար կոնկրետ պատճառ չկար: Պարզապես ընկերություն անելու համար պետք է ընդհանուր եզրեր ունենային, որը չունեին»,- պատմեց Զատիկյան եղբայրների մայրը եւ ընդգծեց, որ Ստեփան Հակոբյանը հիշաչար բնավորություն ուներ: 

Սոխակ Խոցանյանը հիշելով զարգացումները, նշեց, որ տեւական դադարից հետո 2004-ին կամ 2005-ին Զատիկյանների եւ Հակոբյանների որդիները հանդիպում են «Օպերա» ակումբում: «Իմ տղան իր ընկերների  հետ է այնտեղ գնացել եւ հարբած վիճակում ընկերների հետ հանդիպել է Ստեփան Հակոբյանին: Նա հարբած վիճակում մոտեցել է Անդրանիկին եւ խոսքի ընթացքում ասել է. «Ո՞վ ես դու, ո՞վ է քո հայրը» եւ այլն: Անդրանիկն էլ ասել է. «Դու չգիտես, թե իմ հայրը ով է եղել»: Բայց տեսնելով, որ հարբած է, ասել է. «Հիմա հարբած ես գնա, երբ առավոտյան սթափ կլինես, ասելու բան կունենաս, կգաս կխոսենք»: Հետո ամեն մեկը նստել է իր սեղանին, բայց Հակոբյանը զանգել է չգիտեմ ում թիկնապահներին ու Անդրանիկին կանչել են դուրս՝ հաշիվ պարզելու» ,- պատմեց մահացածի մայրը:

Շարունակելով պատմությունը նա նշեց, որ իր տղան երկու ընկերների հետ է եղել եւ Հակոբյանները թիկնապահների հետ այնքան են ծեծել, որ  ստիպված փախել են այդտեղից, որից հետո կրակահերթ են արձակել նրանց ուղղությամբ:

«Բախտները բերել է, որ նրանց գնդակ չի կպել: Մեծ տղաս տանն էր, զանգեցին կանչեցին: Ասացին Ստյոպիկը անշնորհքություն է արել: Բայց մինչեւ գնալը զանգեցինք հորեղբորը` Հակոբին: Հակոբի հետ գնացին, բոլորին հավաքեցին եկան մեր պադվալային հարկում բիլիարդի սեղանի շուրջ զրուցելու: Բայց  նրանք գիշերվա եղածով չեն բավարարվում. Ստեփանի  փոքր եղբայրը հավաքում է իր թիմը եւ գնում է այն տղայի տան վրա հարձակման, ով միջադեպի գիշերը Անդրանիկի հետ է եղել»,- հիշեց տիկին Սոխակը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանից հետո Անդրանիկն է իր ընկերներով գնում Ստեփանի փոքր եղբորը  ծեծում եւ որսորդական հրացանով կրակում նրա Նիվայի անիվներին:

«Գնացի ասացի. «Հակոբ, դու մեջների մեծն ես, քեզ եմ ասում, որովհետեւ դու մեր երեխաներին էլ լավ գիտես, ձերին էլ, արի հաշտեցրու»: Բայց ինքը ինձ պատասխանեց, իբր իր  եղբոր երեխաները իրեն չեն ենթարկվում: Դրանից  տեւական դադարից հետո եղավ 2006թ-ի դեպքը եւ  մեծ որդուս սպանեցին, իսկ 2013թ-ին մահացավ Անդրանիկը»,- ավելացրեց  Սոխակ Խոցանյանը:

Որդեկորույս մայրն ասաց, որ դատական գործն օբյեկտիվ են վարել, սակայն կարծում է, որ շատ մեղմ պատժաչափ են տվել Ստեփան Հակոբյանին, հետեւաբար առաջիկայում դատավճիռը կբողոքարկեն:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի  որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանը դեկտեմբերի 9-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սակայն տուժող կողմը ցմահ ազատազրկում էր ակնկալում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ  2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ