News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակարանատերերն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, շարունակել են իրենց բողոքի ակցիան Կառավարության շենքի առջեւ, չնայած նախօրեին «Արցախբանկի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս զգուշացրել էին, որ ցույցը կխանգարի ընթացող բանակցություններին։

«Մեզ Արցախբանկից զգուշացրել են, որ ցույց չանենք, քանի որ բանակցությունների մեջ ենք, հնարավոր է դա խանգարի, եկեք որոշենք՝ ցույցը շարունակում ենք, թե՝ ոչ»,- ասաց բնակիչներից մեկը։

Մի քանի րոպե տեւած բանակցություններից հետո խաբված բնակարանատերերը «Դուրս մեր բնակարաններից, դու օտար ես, «Արցախբանկ», «Դատապարտում ենք «Տոնուսի» եւ «Արցախբանկի» կանխամտածված խարդախությունը», «Կանխենք «Արցախբանկի» հանցավոր գաղափարները» գրությամբ պաստառներով կանգնեցին Կառավարության կենտրոնական մուտքի առջեւ՝ շարունակելով իրենց բողոքի ակցիան։

Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը խորհուրդ տվեց Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակարանատերերին դիմել Ֆինանսների նախարարությանը, սակայն խաբված բնակարանատերերը որոշեցին երթով շարժվել Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպել կառավարչի հետ, սակայն ոչինչ չի փոխվել։

Տպել
Ամենաշատ