Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հպանցիկ է ծանոթ երկրորդ նախագահ-վարչապետ եւ կառավարություն հակամարտությանը, փոխադարձ հայտարարություններին եւ մեղադրանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանը:

Նա նշեց, որ այժմ արձակուրդի մեջ է, երբ գա ԱԺ, մանրամասն կծանոթանա եւ կարծիք կհայտնի: Հարցին, թե կիսում է երկրորդ նախագահի կարծիքը վարչապետի մասին՝ հաշվի առնելով, որ նա եւս նրանից դժգոհություններ ունի, պատգամավորը նշեց, որ ինքը իր կարծիքը հայտնել է վարչապետի մասին եւ դրանից ետ չի կանգնում: Մուրադ Մուրադյանը շեշտեց, որ ինքը դժգոհ է վարչապետից, «դե որ էդքան լավ աշխատեր, էսպես թափով արտագաղթ չէր լինի»: Մեր դիտարկմանը, թե ըստ լրատվամիջոցների՝  ՀՀԿ-ականներին հրահանգ է տրված պաշտպանել վարչապետին, նա այսպես հակադարձեց. «Ինձ տենց հրահանգ չկա, ես վարչապետին պաշտպանող չեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, կապված «շինարարության փուչիկի» պայթելու հետ:

Մասնավորապես, Քոչարյանը նշել էր, որ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», որ վարչապետը կամ «բանականության դեգրադացիա» է ապրում, կամ «բարոյականության դեգրադացիա»:

Դրանից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Նա դրան պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում, այնուհետեւ ներկայացրել էր իր վերլուծությունը «շինարարության փուչիկի» մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հարցազրույցն էր տվել՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը: Դրան հաջորդել էին գնահատակններ ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից: Դրանց էլ նորից պատասխանել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: