News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում լույս է տեսել «Հալեպի արձանագրությունները» գիրքը, որում տեղ են գտել 2006-2011թթ հեղինակ Րաֆֆի Քորթոշյանի Հալեպ այցելությունների ընթացքում արած լուսանկարները հայկական ներկայության մասին՝ եկեղեցիներ, գերեզմաններ,  տապանաքարեր, նաեւ տեղեկություններ Հալեպի հայերի պատմության, զբաղմունքների, համայնքի անդամների թվի, հայկական դպրոցների մասին։

Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ այս գիրքը արժեքավոր է հատկապես այն առումով, որ դրանք արվել են պատերազմից առաջ։  «Այսօր մենք հասկանում ենք, որ ոչ-ոք չի կարող այդ տարածքներով շրջել և ուսումնասիրություն անել: Չգիտենք, թե քանիսը կպահպանվեն, քանիսը կոչնչացվեն», - հունվարի 17-ին լրագրողներին ասաց գիտաշխատող, «Հալեպի արձանագրությունները» գրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը` նշելով, որ հավաքածուն ամփոփում է 2500 արձանագրություն, որոնցից 2000 առաջին անգամ են հրատարակվում:

«2004թ. երբ այցելեցի Հալեպի գերեզմաններ, ինձ տապանագրերի ազգանուններն ու ծննդավայրերն էին հետաքրքրում, և տեսա ծննդավայրեր, որոնք ներկայացնում էին Արևմտյան Հայաստանը` սկսած Սասունից, Խարբերդ, Էրզրում, Կարս, Վան և այլն: Այդ ժամանակ էլ ինձ մոտ միտք ծագեց, որ տապանաքարերի արձանագրությունները պետք է լուսանկարել»,- ասաց գրքի հեղինակը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ այդ գիրքը կօգնի պատմագիտության զարգացմանը, քանի որ այն երկու մասի է խմբավորված` մինչև 1915թ. հիշատակումները և 1915-ից սկսած. «Գիրքը կարծես Արևմտյան Հայաստանի տեղանունների բառարան լինի: Հիմնականում հանգուցյալների առաջին սերնդի տապանաքարերի վրա էր արձանագրված, թե որտեղից է հանգուցյալը։ Փաստորեն, բավական է Հալեպի գերեզմանոցների այդ ամբողջ տապանաքարերի արձանագրությունները ցուցակավորել՝ հասկանալու համար, թե ինչպես մարդիկ 1915-ից հետո հանգրվան գտան Հալեպում: Դա միայն փաստում է Ցեղասպանության իրողությունը»,- նշեց հուշարձանագետը:

700 տպաքանակով հրատարակված «Հալեպի արձանագրություններ» գիրքը, հեղինակի խոսքով, նվիրվում է այն մարդկանց, որոնք այս դժվար պայմաններում պաշտպանում են Հալեպի հոգևոր և մշակութային արժեքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ