Հունվարի 21-ին պարզ կլինի` «Ազգ» թերթը կշարունակվի տպագրվել, թե՝ ոչ, իսկ այժմ ժամանակավորապես թերթի տպագրությունը դադարեցված է, իսկ աշխատակազմը, բացի հաշվապահությունից, պարապուրդի է մատնված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Նա պարզաբանեց, որ տպարանին մոտ 4 մլն դրամ պարտք ունեն, այդ պատճառով էլ չեն կարողանում թերթը լույս ընծայել: «Դժվարություն ունեն բոլոր թերթերը, այդ թվում` նաեւ մենք:

Հարկային պարտքեր ունենք, բոլոր ունեցած գումարները այնտեղ ենք ուղղել, քանի որ տույժեր, տուգանքներ են գալիս, այդ պատճառով էլ չկարողացանք տպարանի պարտքը տալ»,- հայտնեց Հակոբ Ավետիքյանը:

Նա պարզաբանեց, որ հունվարի 20-ին կստանան հաշիվ-ապրանքագիրները, ծանուցումներ տարածող կազմակերպություններից եւ հույս ունեն, որ գոնե տպարանի պարտքի մեծ մասը կկարողանան փակել:  Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` թերթին օժանդակությունը դադարեցնելուն, խմբագիրն ասաց, որ նման խնդիր չկա: «Պարոն Աբրահամյանը Մոսկվայում չէր, ԱՄՆ-ում էր, հետո գնաց Կորեա, այս շաբաթ  կվերադառնա: Նա օժանդակում է թերթին`  որպես բարերար, մենք օգնության համար դիմել ենք իրեն եւ նաեւ ուրիշ գործընկերների»,-ասաց Հակոբ Ավետիքյանը: