News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


Դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի ընտանիքը եւ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» խմբից հանրությանը հայտնի ռուսաստանաբնակ Արտակ Գասպարյանը Քանաքեռ եւ Հույսի Ավան համայքներում ապրող սոցիալապես անապահով 200 քաղաքացիների համար ստեղծել են շարժական ճաշարան։ Հունվարի 25-ին Քանաքեռի Մշակույթի տան դիմաց Կարգին Հայկոն կնոջ ու ընկերների հետ հերթական անգամ սնունդ բաժանեց անապահով քաղաքացիներին:

«Մի օր Մոսկվայում Արտակի հետ զրուցում էինք Հայաստանի մասին, այստեղ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների մասին եւ որոշեցինք ոչ միայն բողոքել, այլեւ կոնկրետ գործել: Որոշեցինք ստեղծել շարժական ճաշարան, որը մեր շատ քաղաքացիների կօգնի օրվա հացի խնդիրը լուծել»,- պատմեց Հայկ Մարությանը:

Շարժական ճաշարանը գործում է շաբաթ եւ կիրակի օրերին, ճաշացանկը միշտ փոխվում է: Այսօրվա ճաշացանկում փլավ էր, կաղամբով ու գազարով աղցան եւ կոլոլակով սոուս։ Հայկն իր ձեռքով էր լցնում ափսեները, տալիս քաղաքացիներին եւ բարի ախորժակ մաղթում։

«Տրամադրում ենք թարմ եւ համեղ ուտելիք՝ պատրաստված փորձառու խոհարարի կողմից, ուտելիքը պատրաստվում է եւ տաք վիճակում բերվում այստեղ»,- ասաց Հայկ Մարությանը:

Դերասանի խոսքով, 200 բնակիչներին գտել եւ ընտրել են իրենք՝ այցելելով նրանց բնակարանները. «Ընտրել ենք այնպիսի մարդկանց, ում իրոք անհրաժեշտ է այս օգնությունը: Կան ընտանիքներ, որտեղ աշխատունակ մարդ չկա, պապիկի ու տատիկի խնամակալության տակ թոռներ կան, կամ միայնակ մայրերի հետ ապրող երեխաներ»։

Ծրագիրն իրականացվում է հունվար ամսից եւ կշարունակվի մեկ տարի: 

«Սա մեր սեփական միջոցներով է արվում, ոչ մի քաղաքական շահ չենք հետապնդում: Մեր նպատակը միայն մեկն է, որ եկել է ժամանակը գործելու եւ գործել պետք է կոնկրետ, ընտրել՝ ինչ կարող ես անել. Կարեւոր չէ՝ որ ուղղությամբ, մեծ թե փոքր, եւ անել»,- հորդորեց դերասանը:

Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հասարակական ակտիվ գործունեությունը չի խանգարում նրա ստեղծագործական կյանքին, դերասանը պատասխանեց . «Միայն խանգարում է այնքանով, որ ժամանակ է շատ խլում: Ստիպված նստում ենք, գիշերը սցենարներ ենք գրում, լինում ենք ավելի հոգնած, տանջված, բայց ավելի հաճույքով, որովհետեւ գիտես, որ ինչ-որ բան արել ես, որ ինչ-որ մի բան անում ես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news