Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 242-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Ոստիկանությունից հայտնեցին, որ գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան: Փորձաքննությունների եզրակացությունից հետո կորոշվի՝ տաքսու վարորդը կկալանավորվի, թե ոչ: Ըստ տեղեկությունների՝ առգրավված են Գրիգոր Լուսավորիչ եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը, որտեղ հստակ երեւում է, որ վթարի մեղավորը եղել է տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Այս առթիվ երգչուհին մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Տեղյակ եմ, որ քննիչը ասել է, թե իմ տաքսու վարորդն էր մեղավոր, ես ուշաթափվել եմ գլխիս հարվածից: Շատ քիչ ժամանակ էր անցել, ինչ նստել էի մեքենան, ընդամենը հասցրել եմ զանգ տալ հարսնացուիս եւ ասել, որ գալիս եմ, ու հետո չեմ հիշում: Տուն էի գնում, բայց հայտնվեցի հիվանդանոցում»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:




























