Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պետք է դատվի, այնքան ենք պայքարելու մինչեւ ինքը դատվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեպքի հետեւանքով զոհված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը։

«Դատական պրոցեսը գնալու է այնքան, մինչեւ մենք հաղթենք: Այս անգամ ինքը չի մարսի, մեկ է այսօր չլինի, վաղը չլինի, մյուս օրը կլինի: Անպայման պատժվելու է , եթե Հայաստանի իրավական հարթությունում հնարավոր չլինի, դիմելու ենք եվրոպական դատարան»,- ասաց Էմիլ Բուդաղյանը;  Հարցին, թե ինչ պարագայում կհաշտվեք Սյունիքի նախկին մարզպետի հետ, Էմիլ Բուդաղյանը պատասխանեց. « Թող կենդանի Ավոյին բերեն, որ հաշտվենք»:

Հարցին, թե վիրավորված չէ արդյոք երկրի նախագահից, իշխանություններից,  պետությունից, որ նման քննություն անցկացվեց եւ դեռ հայտնի չէ՝ դատաքննությունը ինչպես կավարտվի, Բուդաղյանների հայրը այսպես պատասխանեց. «Հարցերը շատ են, իմ կողմից պարզ է, որ նեղացվածություն կա, բայց ինչի՞ չեն պատժում, չգիտեմ, չեմ կարող ասել: Պետությունից չի կարելի նեղանալ, նեղանալ անհատ մարդկանցից, բայց ոչ պետությունից, պետությունը մենք ենք, մեր ժողովուրդն է, ես ո՞նց նեղանամ ժողովրդից:  Ինձ քաղաքական հարցեր քիչ տվեք, որովհետեւ դա կամա թե ակամա ինձ ոչ ձեռնտու գործունեություն է դառնում»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Նշենք, որ Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: