Բռնցքամարտի հավաքականի մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանի նշանակման հետ կապված Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու նախարարը որեւէ խնդիր չեն տեսնում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրը, որ Թորոսյանի նշանակումը հարուցել է նախարարի դժգոհությունը։

«Որեւէ պատմություն չկա Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված։

Այդտեղ թյուրիմացություն կա։ Բռնցքամարտի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որրն ինքնուրույն որոշում է կայացրել եւ ֆեդերացիայի հավաքականի մարզիչ է նշանակել Դավիթ Թորոսյանին։ Որոշել է՝ թող աշխատի, նախարարությունից ի՞նչ են ուզում։ Դա իրենց որոշելիքն է, նախարարությունն ինչո՞ւ պետք է դեմ լինի։  Բռնցքամարտի ֆեդերացիան փոփոխություն է կատարել օրենքում, եւ, դրա համաձայն, ֆեդերացիայի նախագահը նշանակում է կատարել»,- պարզաբանեց Յու. Վարդանյանը։

Հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն լուրը, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կդադարեցնի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումն այդ նշանակմամբ պայմանավորված, նախարարը պատասխանեց. «Ֆինանսավորումն արդեն եղել է։ Առաջին եռամսյակի ֆինանսավորումը կատարվել է»։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին: Մինչդեռ Յու. Վարդանյանն առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին: