News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փետրվարի 6-ին «Դեմ եմ» շարժման նախաձեռնած իրավունքների նվաճման երթի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ։

Երթի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ ՊԵԿ շենքին՝ պատ կազմելով կառույցի դիմացի մայթին: Մասնակիցներից մի քանիսին հաջողվեց մոտենալ շենքին եւ ՊԵԿ-ի շենքի դռների ապակիներին փակցնել «Դեմ եմ» շարժման տեղեկատվական թերթիկները: Ոստիկանները արագ պոկեցին դրանք դռներից, հաշված րոպեներ անց երթի մասնակիցները քանդեցին ոստիկանանական պատը ու մոտեցան ՊԵԿ շենքին՝ վանկարկելով «ամոթ, ամոթ»:

Ցուցարարաների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ ընդհարում, ոստիկանները ուժով հետ մղեցին քաղաքացիներին՝ պատ կազմելով արդեն ՊԵԿ-ի մոտ: Իրավիճակը մի պահ լարվեց, սակայն արագ հանդարտվեց։

ՊԵԿ-ից ոչ մի պատասխանատու չմոտեցավ ցուցարարներին, եւ նրանք շարժվեցին դեպի քաղաքապետարան, որտեղ, ըստ նախապես հայտարարված երթուղու, մտադիր են ավարտել այսօրվա երթը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ ցուցարարների ժամանելը քաղաքապետարանի դիմաց արդեն երեք շարքով կանգնել են մեծ թվով ոստիկաններ։ Քաղաքապետարանից ցուցարարները պահանջելու են ճնշում չգործադրել իրենց ենթակա կառույցների աշխատողների վրա, եւ չգանձել 5% կենսաթոշակային պարտադիր վճարումները։

Նկատենք, որ, ի տարբերություն նախորդ ակցիաների, այս անգամ երթին չեն մասնակցում խորհրդրանի ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների ներկայացուցիչները։ Ակցիային միացել է միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը՝ ժամանակավորապես կասեցնելով կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումները չկատարողների համար սահմանված տուգանքները։ Չնայած դրան, կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ