Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 6-ին, շարունակվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով հերթական նիստը, որում դատախազ Արմեն Մարուքյանը 15 տարվա ազատազրկում պահանջեց Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Դատախազն առաջարկեց 15 տարվա ազատազրկում: Սակայն այս պահանջն արդարացված չէ. Ակնհայտ անմեղ մարդուն 15 տարի տա՞լ: Ակնհայտ է, որ չեն ցանկանում օրինական ընթացք տալ այս գործին»,- ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ Հարություն Սարգսյանն այս պահին ջերմում է, բայց նիստին ներկա էր. «Երեկվանից ջերմում է, դող է տալիս, բայց այս վիճակում եկել էր դատին, որ գոնե շուտ այս ամենն ավարտվի»:
Հաջորդ դատական նիստին փաստաբանը հանդես կգա պաշտպանական ճառով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը
Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:



























