News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Առինջ գյուղում դժվար թե գտնվի որեւէ մեկը, որը լսած չլինի «Լեւոնի աստվածային գետնափոր թանգարանի» մասին: Գյուղում թանգարանն ավելի հայտնի է «Տոսյայի փոս» անունով։

«1985թ. գարնանը կնոջս խնդրանքով որոշեցի կարտոֆիլի համար հոր փորել: Պահածոների համար առանձնացված մառանի հատակին սկսեցի գետինը փորել: Մոտ 80 սանտիմետր հետո հանդիպեցի քարի, որոշեցի թեքվել դեպի աջ, որպեսզի 1,5-2 մետրանոց հոր փորեմ: Դարձյալ հանդիպեցի քարի, որոշեցի տաշելով աստիճաններ սարքել: 10-12 աստիճան պատրաստելուց հետո միտքս փոխեցի, որոշեցի քարը փորելով գինետուն կառուցել: Այն ժամանակ 44 տարեկան էի ու մտածում էի, որ թոշակի անցնելուց հետո ընկերներիս հետ աշխարհից կտրված քարակերտ գինետանը ժամանակ կանցկացնեմ: Այդ օրվանից սկսեցի քանդել քարը, եւ ինձ համար աննկատ քարն ինձ քաշեց իր մեջ: Կարտոֆիլի հորն էլ մոռացա, գինին ու գինետունն էլ....»,- սա մի հատված է Լեւոն Առաքելյանի հուշերից, ումից 23 տարի է պահանջվել՝ գետնափոր թանգարանը կառուցելու համար: 21 մետր խորությամբ թանգարանն ունի 6 սենյակ ու ընդհանուր 280 քմ տարածք։

Վարպետ Լեւոնը 5 տարի է` ինչ մահացել է, թանգարանի այցելուներին  հիմա դիմավորում է Լեւոնի կինը` տիկին Տոսյան:

«85 թվից սկսեց էս գործը: Մինչեւ 85 թիվը գնում էր արտագնա աշխատանքի: Ինքը օրը ցերեկով ուզեցել է ճամփով գնա, հանգստանա,  երեք-չորս մետր հեռավորության վրա սպիտակ մառախուղ ա իջել աչքերին, մառախուղի միջից ձայն ա լսվել:  Մառախուղի միջից ձայնն ասել ա` Լեւոն աշխարհով մեկ հրաշք կգործես, կհիվանդանաս, բայց հիվանդությունից չվախենաս: Ինչ պատկերներ գան աչքերիդ առաջ, նույնությամբ կկատարես»,- NEWS.am-ի հետ զրույցում , հիշելով թանգարանի ստեղծման պատմությունը, ասաց  Լեւոնի կինը:

Տիկին Տոսյայի խոսքով, ինքը սկզբից դեմ է եղել ամուսնու մտահղացմանը, սակայն ժամանակի ընթացքում տեսնելով, որ անհնար է ամուսնուն հետ պահել իր մտադրությունից, սկսել է նույնիսկ նրան օգնել:

«Հենց որ նեղն էի լինում, խոսում էի: Ասում էի՝ էդ գործ չի, բայց շատ աշխատասեր մարդ էր: 23 տարի մնաց իր գործին: Մարդիկ էն ժամանակ Լեւոնին համեմատում էին Նոյի հետ: Ես էլ արդեն ջահել չեմ, խելքս չեմ կորցրել, բայց էս անցած հինգ տարիներին ստեղ նստած սպասել եմ, որ հեսա Լեւոնը ներքեւից կգա հաց ուտելու»,- հազիվ զսպելով արցունքները` ասաց տիկին Տոսյան:

Մեր այն հարցին, թե արդյոք թանգարանը եկամուտ է բերում Լեւոնի ընտանիքին, տիկին Տոսյան պատասխանեց. «Լեւոնն ասում էր` թոշակով դու չես կարողանա ապրել: Լեւոնը ճիշտ էր ասում: Երեկ չէ առաջին օրը թոշակս ստացա` 39 հազար դրամ, մուծեցի կոմունալ վարձերը, 2 հազար դրամ մնաց: Հա, թանգարանի այցելուները, ով ինչքան կարող ա, փող ա թողնում»:

Աշոտ Աթայան

Տպել
Ամենաշատ