Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է խորհրդակցություն անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման հարցով:
«Վրաց-ռուսական հարաբերություններն ամենախնդրահարույցն են, հետեւաբար, մենք լրջորեն կվերլուծենք այդ արտահայտությունը, խորհրդակցություն կանցկացնենք եւ կկողմնորոշվենք մեր դիրքորոշման հարցում», - հայտարարել է Մարգվելաշվիլին:
Ավելի վաղ նույն օրը Վլադիմիր Պուտինը Սոչիի մեդիա կենտրոն այցելության ժամանակ վրացի լրագրողներից մեկի այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք հանդիպել Վրաստանի նախագահին, պատասխանել էր. «Եթե նա ցանկանա, ինչո՞ւ ոչ»:
Ըստ Մարգվելաշվիլիի` եթե կա հնարավորություն, որ նման հանդիպումը դրական ազդակ կդառնա հարաբերությունների համար եւ եթե ՌԴ-ի կողմից պատրաստակամություն կա խնդրահարույց թեմաները քննարկելու, «ապա, բնականաբար, հիմքեր կան խորհրդակցություններ անցկացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արեւմտյան գործընկերների հետ, եւ մտորել նման կարեւոր հանդիպման մասին», հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել Վրաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը:



























