Սուր թոքաբորբի պատճառով մահացած զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ծառայողական քննությունը ընթացքի մեջ է, արդյունքների մասին տեղյակ կպահեն:
Ինչ վերաբերում է դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ Արշակ Զարդարյանը հոսպիտալ էր տեղափոխվել փետրվարի 8-ին, սակայն փետրվարի 10-ին նա տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Զինծառայողի մոտ առկա է սուր թոքաբորբ, մահացության պատճառը՝ հիվանդության ագրեսիվությունն է: Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թ գարնանը Գորիսից: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Պաշտպանության նախարարության զորքերի ծառայության վարչության պետի տեղակալի քրոջ որդին է։