Գյումրիում «Շեկոյի» մահվան դեպքով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դատավոր Հ. Մովսեսյանի ինքնաբացարկի դիմումում, մասնավորապես, նշված է հետեւյալը. «Հետազոտելով քրեական գործի նյութերը պարզվեց, որ տուժող՝ Հարություն Սամսոնի Խաչատրյանը բնակվել է Արցախ թաղամասում, որտեղ եւ բնակվել եմ ես, եղել ենք հարեւաններ: Մենք գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ, որին տեղյակ է նաեւ մեղադրվող կողմը: Նշված հանգամանքը մեղադրվողի կողմից կարող է կասկած հարուցել իմ անկողմնակալության մեջ, որի պատճառով հայտնում եմ ինքնաբացարկ»: Նրա որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբանը՝  Հայկ Ալումյանը, տեղյակ չէր դատավորի ինքնաբացարկ հայտնելու մասին. «Ողջունելի քայլ է, եթե դատավորը չի ուզում, որ իր հարաբերությունները հետագայում շահարկվեն: Ես դա նորմալ եմ գնահատում, ավելի վատ կլիներ, եթե գործը քննվեր եւ վերջում պարզվեր, որ նա անձնական լավ հարաբերություններ է ունեցել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ ինքնապաշտպանվել է: «Ինքը մենակ է  եղել, երկու հոգի իր դեմ, ինքը ստացել է մարմնական վնասվածք, առաջինը իր վրա են սկսել կրակել, իսկ քննիչը գտնում է, որ առաջին կրակոցները Վահեի կողմից են եղել, այս հանգամանքից էլ կախված է գործի ելքը»,-ասել էր Հայկ Ալումյանը:

Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: