Արդեն 5 օր է, ինչ փրկարարները Քանաքեռավան գյուղի կոյուղագծում որոնում են Թեւոսիկի եղբոր սպանության մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի դին:
Քանաքեռավանի գյուղապետ Ջիվան Քամալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամեն օր՝ առավոտից երեկո, փրկարարները եւ ոստիկանները գալիս են, տարածքում աշխատանքներ տանում եւ գնում:
«30կմ տրուբա է, մոտ 1000 լյուկ կա, գնում է Աէրացիա, էդտեղ ֆիլտրվում է, հետո թափվում Արաքս գետը»,-փոխանցեց գյուղապետը:
Իսկ ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կոյուղու խողովակի մի մասն արդեն նայել են, սակայն ոչինչ չեն գտել: «Շատ են դիտահորերը, բոլորը նայում են, որտեղ հնարավոր է: Ջրասուզակը մտել, նայել է, ոչ մի բան չեն գտել, բացարձակ ոչինչ, կան ոչխարի կողեր, կովի գլուխ եւ այլն, բայց մարդկային ոչ մի բան: Բժիշկներն ասում են, որ դիակը կարող է 20 օրում քայքայվել կամ էլ հարվածներից մաս-մաս լինել: Որոշակի հատված կա, որը դեռ պետք է նայել: Ոստիկանության կարծիքով՝ եթե այդտեղ էլ չլինի, ուրեմն՝ դրանից այն կողմ չէր կարող գնալ, որովհետեւ մարմինը թեթեւ, պլաստմասե շիշ չէ, որ ջուրը կարողանա տանել: Իմ կարծիքով՝ դժվար էլ կարողանանք գտնել, այդ խողովակի մեջ ինչ էլ գցեն, մենակ կարող է ոսկոր մնա»,- հայտնեցին ջրասուզական ջոկատից:
Հարցին, թե որքա՞ն կտեւեն որոնողական աշխատանքները եւ երբ դրանք կդադարեցնեն, մեզ փոխանցեցին, որ հետագա անելիքների մասով սպասելու են քննչական փորձագետների որոշմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության ԵՔՎ քրեական հետա¬խուզության օպերատիվ խումբը եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները: Զննվել է կոյուղագծի 50 դիտահոր: Ժամը 18.30-ի դրությամբ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Փետրվարի 20-ին, ժամը 10.39-ին կոյուղագծի դիտահորերում դիակի որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:
Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:
Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:
Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:
Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:




























