Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փոփոխություններըտ շարունակվում են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Գյումրիի Կումայրի բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանը նշանակվել է Ախուրյանի ոստիկանապետ, իսկ նրա փոխարեն նշանակվել է Արամ Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Այս դեպքից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկնել է Շիրակի մարզ եւ խորհրդակցություն անցկացրել: Աշխատանքից ազատվել էր Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա տեղակալը, քննչականի պետը եւ այլք: Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Վարդան Նադարյանը: