News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ծառայության ժամանակ սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, ընդհատվեց սկանդալով, որի պատճառով նիստը հետաձգվեց։

Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է» արտահայտությունից հետո մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի կանգնեց՝ ասելով, որ իր պաշտպանյալին նման կերպ չանվանի, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» բացականչելով քայլեց դեպի պաշտպանը, սակայն դատական կարգադրիչները նրան հետ պահեցին։

«Եթե հաջորդ անգամ այս մարդը դատարանի դահլիճում լինի, ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստին, բոլորին քրեական պատասխանատվության եմ ենթարկելու»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը, ինչից հետո դահլիճում նստածները ոտքի կանգնեցին եւ սկսեցին հայհոյել պաշտպանին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանեց հայհոյանքներով՝ բացականչելով. «Ո՞ւր ա ստեղ դատարան վաբշե, ո՞ւր ա պետություն, կարգադրիչներ, կարգի հրավիրեք սրանց»։

Քաոսը սկսվելուց անմիջապես հետո դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց ընդմիջում եւ հեռացավ։ Պաշտպանը հավաքեց փաստաթղթերը, մոտեցավ դատավորին սեղանին, հանեց հեռախոսը, սկսեց լուսանկարել դահլիճում գտնվողներին։

«Դե խոսացեք, տեսնեմ, ով ա խոսացողը, հեսա հերթով պատասխան կտաք։ Մեջներդ մի հատ գիտակից մարդ չկա՞, ամբոխ, հովիվներ»,- գոռաց փաստաբանը։

Լյուքս Ստեփանյանի հարազատները բացականչեցին, թե «գնա թուրքի պաշտպանի», ինչին  Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Տեսնում եք՝ դատը իր հունով է գնում, ձեր մուռը չեք կարողանում հանել, նման կերպ եք ձեզ պահում»։

Երեմ Սարգսյանը հեռացավ դատարանի դահլիճից, դատական կարգադրիչներն էլ բորբոքված մարդկանց հեռացրին դահլիճից։

Դրանից հետո Երեմ Սարգսյանը նորից վերադարձավ դահլիճ, որտեղ, ինչպես NEWS.am-ին ավելի ուշ պատմեց Լյուքս Ստեփանյանի մայրը, կրկին բախում է եղել. «Ես ասեցի՝ թուրքի ես պաշտպանում, ինքն էլ պատասխանեց՝ թուրքը դու ես»։

Ամբաստանյալի մյուս պաշտպան Վաղինակ Գեւորգյանն էլ նկատեց, թե ինքն էլ է 18 տարեկան որդի կորցրել, սակայն  իր վիշտը լուռ է տանում։

Դատարանի միջանցքում նույնպես Լյուքս Ստեփանյանի հարազատները չէին հանդարտվում, պահանջում էին, որ պաշտպանին իրենց մոտ բերեն, փորձում էին ներխուժել դահլիճ, ինչի արդյունքում քաշքշոց սկսվեց դատական կարգադրիչների հետ։

Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ մեղադրվող կողմի պաշտպանները հրաժարվում են մասնակցել դատական նիստին, մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը հրաժարվեց շարունակել նիստն առանց պաշտպանների։

Դատավոր Զոյա Զաքինյանն էլ ասաց, որ նման պայմաններում այլեւս անհնար է շարունակել դատական նիստերը եւ տուժող կողմի ներկայացուցիչներին խնդրեց իրենց հանգիստ պահեն, այլապես ինքը ստիպված կլինի դատը տեղափոխել Շամշադին, կամ քննարկել դռնփակ նիստ անցկացնելու հարցը։

Նշենք, որ այսօր հարցաքննվեցին Լյուքս Ստեփանյանի հրամանատար Վահե Հովսեփյանը եւ ծառայակիցներ Դավիթ Մնացականյանը, Նարեկ Հովհաննիսյանը, որոնք դեպքի անմիջապես ականատեսներ չէին, սակայն դեպքից հետո եղել էին դեպքի վայրում։

Ծառայակիցները դատարանում դժվարանում էին հիշել դեպքի մանրամասները, ինչին Լյուքս Ստեփանյանի մայրը չհավատաց. «Զեմլյակ-զեմլյակ են խաղում, հիշողության  կորուստ ունեն»։

Նշենք, որ Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը գլխի հետ կապված առողջական խնդիրներ ունի, փետրվարի 18-ից  բուժվում է Երեւանում եւ դատին մասնակցելու համար էր եկել Իջեւան, ինչից հետո նորից հետ էր գնալու հիվանդանոց։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 5-ին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:

Տպել
Ամենաշատ