Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնել փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության կապակցությամբ, սակայն, այդուհանդերձ, չի ներկայացրել եւ ոչ մի հակափաստարկ հրապարակված նյութի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ստիպված ենք ավելի ծավալուն եւ մանրակրկիտ ներկայացնել ԴԱՀԿ-ի խախտումը:
ԴԱՀԿ-ն չի իրականացրել օրենքով սահմանված իր հետեւյալ պարտականությունները: Պահանջատերը, տեղեկացված չի եղել գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասին, այնինչ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը նախատեսում է, որ գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Բացի այդ, գույքագրված գույքը համապատասխան ստացականով պարտատիրոջը կամ որեւէ մեկին առհասարակ ի պահ չի հանձնվել, այնինչ այս պահանջի կատարումը եւս նախատեսվում է օրենքով: Ինչ վերաբերում է գույքի ուղղակի վաճառին, պարզվում է, որ այդ մասին որոշումը կայացվել է գույքագրումից յոթ ամիս անց, երբ արգելադրված գույքն արդեն գոյություն չի ունեցել, քանի որ այն գողացել են, այնինչ օրենքով սահմանված է, որ ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է հենց գույքագրման ժամանակ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ԴԱՀԿ աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից:
ԴԱՀԿ աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից
Սրան արձագանքելն էր ԴԱՀԿ ծառայությունը, նշելով, որ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ներառված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
ԴԱՀԿ-ն արձագանքել է ՄԻՊ-ի հաղորդագրությանը. Մեր աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել




























