«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն մտադիր է իր տարածքում արդյունաբերական թափոնների տեղամաս տեղադրել, հաղոդրում է «ԷկոԼուր»-ը:
Ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել արդյունաբերական թափոնների տեղադրման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Տեղամասի վերաբերյալ հասարակական լսումների օրը դեռ հրապարակված չէ:
Ըստ հաշվետվության` «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն գտնվում է Երեւանի հյուսիսային մասում` «Արաբկիրե վարչական շրջանում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, գետից նվազագույնը 300 մետր հեռավորության վրա: Ձեռնարկության ընդհանուր տարածքը կազմում է 30,6476 հա: Բնակելի գոտին գտնվում է գործարանից 500 մ հեռավորության վրա: Ձեռնարկությունը մասնագիտացված է տարբեր հաստությունների հարթ ալյումինե փայլաթիթեղի արտադրության բնագավառում: Ընկերության արտադրական հզորությունն է՝ 25000 տ/տարի ըստ ալյումինե փայլաթիթեղի:
Թափոնների տեղամասում ընկերությունը պահելու է առաջինից մինչեւ հինգերորդ դասի վտանգավորության թափոններ: Առաջին դասի թափոններից պահվելու են բանեցված սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, երկրրդ դասի վտանգավորության թափոններից բանեցված կապարե կուտակիչներ, երրորդ դասի վտանգավորության թափոններից` բանեցված զտիչ նյութեր, արդյունաբերական յուղեր, հիդրավլիկ յուղեր, չորրորդ դասի վտանգավորության թափոններից` ալյումինե խարամ, ալյումինե վառարանների աղյուսապատում, յուղոտված կտորեղեն եւ արտահագուստ, սեւ մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, բանեցված դողածածկաններ, օդաճնշիչ խցիկներ, կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ, շինարարական աղբ, կենցաղային աղբ, հինգերրորդ դասի թափոններից` փրփրեցված պոլիէթիլենի թափոններ, մետաղական տակառներ: Թափոնների համար նախատեսված տարածքի չափը հաշվարկված է տասը տարվա կտրվածքով:
Ընկերությունը թափոնների հիմնական զանգվածի պահման համար պլանավորվում է օգտագործել ձեռնարկության տարածքի հյուսիսային հատվածում գտնվող շուրջ 3300 քմ մակերեսով բաց տեղամասը։ Նախատեսված տեղամասը Հրազդանի կիրճի եւ հարակից տարածքներից սահմանազատված է շուրջ 3 մ բարձրությամբ բետոնե սալիկների պարսպով: Տեղամասը նախատեսվում է տրոհել 4 տարբեր հարթակների՝ տարբեր հատկություններով ու տարբեր տեսակի թափոնների պահման համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



























