Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը հայտնաբերվել են իրար վրա դրված գազի բալոններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ՝ համապատասխան մասնագետները արդեն դուրս են բերել գազի բալոնները, որեւէ վտանգավոր բան չկա:
Իսկ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում է: Հայտնաբերվածը գազի բալոններ են, սակայն առայժմ հայտնի չէ՝ դրանց մեջ գազ եղել է, թե ոչ եւ ինչ նպատակով ու ով է այն տեղադրել մարզպետի տան մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանն արտակարգ իրավիճակ է. այնտեղ են ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ: NEWS.am-ը փորձել է անձամբ մարզպետից պարզել տեղի ունեցածը, վերջինս հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով գրավոր դիմել:




























