Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ:
«ՌԴ ԳՆ-ի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ` ՌԴ ՔՕ-ի 205.2 հոդվածի 2-րդ եւ 280-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեություն իրագործելու հրապարակային կոչեր, որոնք արվել են լրատվամիջոցների օգնությամբ)», - ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ քննության` Ուկրաինայի «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշն իր ելույթներում հակառուսական ուժերին ծայրահեղական գործողությունների եւ ահաբեկչության հրապարակային կոչ է անում Ռուսաստանի տարածքում:
Թե Յարոշի որ հայտարարության համար են նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, չի նշվում: Ամենայն հավանականությամբ, խոսքը հրատապ մոբիլիզացիայի եւ սպառազինության վերաբերյալ «Աջ հատվածի» կոչի մասին է: Այն հրապարակվել էր սոցցանցերում եւ ուկրաինական լրատվամիջոցներում: Ուղերձում ազգայնականները նշել էին, որ իրենց պայքարը «հակակայսերական է, այլ ոչ թե հակառուսական», եւ «Ռուսաստանի ազատագրական շարժմանը կոչ էին արել աշխուժացնել իրենց գործունեությունը»:
Բացի այդ, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանում «Աջ հատվածի» խմբում մարտի 1-ին Յարոշի անունից գրություն է հայտնվել, որտեղ նա դիմել է չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովին՝ կոչ անելով աջակցել Ուկրաինային: Ընդ որում, ավելի ուշ ուկրաինական կազմակերպության ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունը այդ հաղորդագրությանը, պարզաբանելով, որ իրենց խմբում այն հայտնվել է ադմինիստրատորներից մեկի էջը կոտրելուց հետո, հաղորդում է Lenta.ru-ն:
Մոտ ժամանակներս քննությունը մտադիր է միջնորդել Յարոշի նկատմամբ հեռակա կարգով կալանավորման որոշում կայացնել, որից հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի:




























