Երկու ամիս առաջ իր շենքի բակում անհայտ անձի կողմից հարվածներ ստանալու հետեւանքով «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվել է անվասայլակին, սակայն այժմ նա նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը: Դեպքից հետո NEWS.am-ի թղթակիցը պարբերաբար զրուցել է նրա հետ, այդ ժամանակ նրա վիճակը համեմատաբար լավ էր, չէր կարողանում քայլել, բայց նորմալ խոսում էր: Սակայն այս անգամ խոսափողից այն կողմ լսելով հայտնի դերասանի ձայնը՝ անակնկալի եկանք: Հայտնի դերասանը, արցախյան ազատամարտի հերոսն այսօր արդեն դժվարությամբ է խոսում, բառերը հազիվ է արտաբերում. «Ոչինչ, լավ կլինի»,-ասաց Կարենը : Զրուցեցինք նրա հարազատների հետ, ովքեր NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ դերասանը սկսել է կակազել փետրվարի 16-ից հետո՝ ծննդյան տարեդարձից հետո: Ըստ որում՝ օր օրի վիճակը ավելի է բարդանում, այսօր արդեն ընտանիքի անդամները նրան հասկանում են միմիկաների միջոցով: «Գնալով վիճակը վատանում է, մենք այսպես կարող ենք մարդ կորցնել: Այսօր ավելի վատ է վիճակը, քան նախորդ շաբաթ, արդեն բոլորովին չի կարողանում խոսել, չի կարողանում բառը կապել, միմիկայով եմ հասկանում, պետք է նայեմ դեմքին, որ հասկանամ ինչ է ասում: Հայացքը նայում ես, զգում ես՝ փոխվել է, էլ էն վառվռուն աչքերը չունի»,-հայտնեցին հարազատները:
Դերասանը բուժման կուրս էր անցնում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, սակայն առողջական վիճակի վատացումից հետո այլեւս չեն տանում այնտեղ: Կարենի ախտորոշումը դեռ հստակ չէ, հարազատները հայտնեցին, որ հնարավոր է հարվածից գլխում ջուր է հավաքվել, կամ էլ բացի ուղեղի ցնցումից՝ նաեւ ողնաշարի ցնցում է տարել:
Կարենին անհապաղ անհրաժեշտ է տանել արտերկիր՝ հետազոտման եւ բուժման: Իսրայելի հիվանդանոցում միայն հետազոտությունը արժե 12 հազար դոլար, դիմել են նաեւ Գերմանիայի երկու հիվանդանոցներ, որտեղից դեռ գնացուցակները չեն ստացել: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, եւ ազատամարտիկ-դերասանի բուժման համար անհրաժեշտ գումարը չունի: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:: Անհրաժեշտ գումարը հավաքվելուն պես ընտանիքը պատրաստ է անհապաղ, թեկուզ մյուս շաբաթ մեկնել արտերկիր, քանի որ հետաձգումը կարող է վատ հետեւանքներ ունենալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:




























