Արդեն մի քանի օր գյումրեցիները տնից դուրս գալիս պոլիէթիլենային տոպրակներ են փաթաթում ոտքերին, ԱԻՆ փրկարական ջոկատն էլ արտակարգ ռեժիմով է աշխատում՝ ցեխի մեջ խրված մարդկանց ու մեքենաների վարորդներին օգնության հասնելու համար։

Գյումրու գլխավոր եւ երկրորդական փողոցները բառացիորեն թաղվել են ցեխի մեջ եւ անանցանելի դարձել։ Պատճառը ձյան հալոցքն է եւ նախորդ տարվա ընթացքում «Շիրակ-ջրմուղկոյուղու» կողմից KFW բանկի ֆինանսավորմամբ նոր ջրագծերի անցկացման նպատակով քաղաքի տարբեր հատվածներում սկսված շինարարական աշխատանքները։

Փորված փոսերը ոչ փակել են, ոչ խճապատել, ինչի հետեւանքով էլ ստեղծվել է քաոսային իրավիճակը։

«Ամեն տարի էս նույն վիճակն է,ամեն տարի ցեխ ու չամռի մեջ ենք, ում ասես դիմում ենք, բայց մեզի բանի տեղ դնողն ով է»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեցին Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչներ՝ հիշելով, որ օրերս իրենց հարեւաններից մեկն ընկելէ ջրագծի համար փորված փոսն ու կոտրվածք ստացել:

Խնդրի առնչությամբ մարտի 3-ին Գյումրու քաղաքապետ ՍամվելԲալասանյանը խորհրդակցության է հրավիրել «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, շինարությունն իրականացնող 3 կազմակերպության ներկայացուցիչներին, նաեւ ՃՈ եւ ԱԻՆ ՇՄ վարչության ղեկավարներին: Նա պատասխանատուներին հորդորել է արագ քայլեր ձեռնարկել փողոցներն անցանելի դարձնելու համար։

«Ես ծրագրի տակ 70 մլն եվրո գումար է դրված, ու եթե իրենք քանդում են էս փոսը  ջրագծի համար, պարտավոր են խճապատել ու համապատասխան տեխնոլոգիայով», -ասաց Սամվել Բալասանյանը:

Շինարությունն իրականացնող «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ղեկավար Գագիկ Կարապետյանը նկատեց, որ խնդիրը միայն խճապատումը չէ. «Խճապատումը համատարած բոլոր խրամատներում արվում են, շատ տեղերում արվում են բազմիցս, խնդիրը նրանում է, որ Գյումրի քաղաքում ջրահեռացման, սելավատարերի հեռացման համակարգ չկա»։

Այնուամենայնիվ, «Շիրակ-ջրմուղկոյուղու» տնօրեն Վարդան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքում խճապատման աշխատանքներն արդեն մեկնարկել են, ու եղանակների տաքանալուն պես բոլոր փոսերը լցվեն ու կասֆալտապատվեն: