Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ ԿԽՄԿից հայտնում են, թե անձը (Մամիկոն Խոջոյանը-խմբ.) հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները եւ նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։
Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։
Հիմնվելով Ժնեւյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Այդուհանդերձ, դա չի խանգարել Ադրբեջանին՝ փորձել տարեց տղամարդուն ներկայացնել որպես «դիվերսանտ»: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է:



























