Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան մարտի 5-ին հայտարարել են իրենց դեսպաններին Քաթարից հետ կանչելու մասին՝ «իրենց անվտանգության միջոցառումների շրջանակում», հայտնում է «Ալ Արաբիան»:

Սաուդյան աղբյուրների տվյալով՝ դեսպաններին հետ կանչելու պատճառն այն է, որ Քաթարը չի կատարում տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու իր պարտավորությունը եւ միջամտում է հարեւան երկրների գործերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարսից ծոցի երեք պետությունների համատեղ հայտարարությունում ասված է, որ «երկրները որոշել են իրենց անվտանգության եւ կայունության պահպանման միջոցառումներ ձեռնարկել»: Միաժամանակ,  ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան ընդգծում են, որ «հանդես են գալիս Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի շահերից, այդ թվում՝ Քաթարի ժողովրդի»: