ԵՄ-ն հրապարակել է այն ուկրաինացիների ազգանունները, որոնց բանկային հաշիվները սառեցվելու են՝ պետական միջոցները յուրացնելու եւ Ուկրաինայում մարդու իրավունքները խախտելու համար:
Ցուցակում առաջինը իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչն է: Պատժամիջոցները տարածվում են նաեւ նախագահի երկու որդիների՝ գործարար Ալեքսանդր Յանուկովիչի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Յանուկովիչ-կրտսերի վրա, հայտնում է Deutsche Welle-ն:
Ցուցակում ընդգրկված են նաեւ ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան եւ նրա որդի Արտյոմ Պշոնկան՝ Գերագույն ռադայում Ռեգիոնների կուսակցության ղեկավարի տեղակալը: Պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին պետ Ալեքսանդր Յակիմենկոյի եւ Յանուկովիչի նախկին խորհրդականներ Անդրեյ Պորտնովի ու Իգոր Կալինինի, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշի, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւի եւ նրա եղբոր՝ գործարար Սերգեյ Կլյուեւի նկատմամբ:
Ցուցակում են նաեւ՝ներքին գործերի նախկին նախարարի տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւ նրա որդին՝ Ալեքսեյը, ձեռնարկատեր Սերգեյ Կուրչենկոն, կրթության եւ գիտության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրեւան եւ նախագահի նախկին խորհրդական Իգոր Կալինինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ որոշումը կայացվել էր մարտի 5-ին, այն ուժի մեջ էր մտել հրապարակման պահից եւ վավեր է մինչեւ 2015թ. մարտի 6-ը:




























