Քաղաքացիական հագուստով 10 ոստիկաններ բռնություն են գործադրել Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքող եւ այսօր առավոտյան ժամը 11։00-ից Երեւան-Ապարան ավտոմայրուղին փակած յոթ գյուղի բնակիչներին աջակցող «Նախախորհրդարանի» անդամների նկատմամբ՝ փորձելով նրանց բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:
«Երբ գյուղացիները ցանկանում էին գնալ դեպի շինհրապարակ, քաղաքացիական հագուստով ոստիկանները շրջապատեցին ինձ, Հովհաննես Ղազարյանին, Տարոն Սարգսյանին, Հարություն Մալխասյանին, Տաթև Մայիլյանին եւ առանց որեւէ պատճառի փորձեցին տանել ոստիկանություն: Մենք դիմադրեցինք, գյուղացիները խառնվեցին ու մեզ բաց թողեցին»,- պատմեց Գեւորգը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչներն այս պահին գտնվում են ՀԷԿ-ի մոտ, որտեղ կա շինարարական երկու տեխնիկա: Գյուղացիները ցանկացել են հեռացնել տեխնիկան հրապարակից, սակայն ոստիկաններն արգելել են՝ հայտնելով, որ երկու ժամից այնտեղ կլինի ՀԷԿ-ը կառուցող սեփականատերը: Գյուղացիներն այս պահին սպասում են նրան:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ բանակցությունների արդյունքում գյուղացիները համաձայնել են բացել ճանապարհը՝ պայմանով, որ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցվելու է։
Գյուղացիների խոսքով՝ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։
«Մենք առանց այն էլ մեծ խնդիր ունենք, էստեղից մինչեւ ձորի բերանը ութ կիլոմետր ա, ու ամբողջ այգիները էս ջրով ենք ջրում ու կյանքի գնով ենք անում, խի բերեցին քանդեցին, թող սարքեն: Մենակ թուրքը կանի դա, եթե ինքը հայ մարդ ա, ինքը չէր անի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օհանավան գյուղի բնակիչ Համլետ Գրիգորյանը։




























