Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը «վատ բան» չի տեսնում նրանում, որ Արագածոտնի մարզ Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ է կառուցվում: Այս մասին այսօր` մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը մարտի 6-ին միացել էր Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքող եւ առավոտյան Երեւան-Ապարան ավտոմայրուղին փակած յոթ գյուղի բնակիչներին:
«Իրոք չեմ կարծում, որ կառուցվող ՀԷԿ-ը խանգարելու է գյուղացիներին: Ինձ անհանգստացնում է այն, որ բազմամյա պոպոքի ծառեր են կտրվել»,- ասաց պատգամավորը:
Լյովա Խաչատրյանը երեկ ամբողջ ընթացքում մասնակցել է գյուղացիների պայքարին եւ կատարել է հետեւյալ եզրակացությունը. «Մարդիկ չէին հասկանում` ինչ շինարարություն էր կատարվում, մարդիկ կարծում էին, որ շինարարության հետեւանքով կորցնելու են իրենց այգիները: Ժողովուրդը չէր հասկանում` ինչ ա կատարվում, բարձրաստիճան պաշտոնյաները հինգ րոպեում ութ միտք էին հայտնում»:
ԲՀԿ-ական պատգամավորին ուրախացրել է, որ Կառավարությունն արագ է արձագանքել երեկվա դեպքերին: Այսօր առավոտյան Լյովա Խաչատրյանը հանդիպել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:
«Արմեն Գեւորգյանն ասում է, որ բազմիցս տեղեկություններ են տարածել, թե այնտեղ ինչ է կառուցվում: Իսկ ես փոխվարչապետին պատասխանեցի, որ էսօր ժողովուրդը ոչ ինտերնետ ա նայում, ոչ մամուլ ա կարդում, դրա համար չգիտեին` ինչ ա կատարվում, բայց նորից եմ ասում` այն չի խանգարում գյուղացիներին»,- նշեց պատգամավորը:
Մինչդեռ «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները համոզված են, որ կառուցվող ՀԷԿ-ը խանգարելու է գյուղացիներին:
«Գյուղացիներին հասցրին էն վիճակին, որ դուրս եկան փողոց ու փակեցին մայրուղին»,- ասաց նախաձեռնության անդամ Աննա Աղլամազյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























