Գործարար Ռուբեն Գալուստյանը՝ «Բենզին Ռուբոն» հերքում է, որ հետախուզման մեջ գտնվող եւ կալանավորված 24-ամյա Արման Գալուստյանը իր որդին է նախկին կնոջից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բենզին Ռուբոն»:

NEWS.am-ի թղթակիցը զանգել էր նրան՝ պարզելու, թե ինչ ընթացք ստացավ որդու գործը, նա շարունակում է մնալ կալանավորված, թե ոչ. «Դուք ինձ հարցրիք, ես ասացի՝  էդպիսի տղա չունեմ: Ուրեմն որ հայրանունը Ռոբերտ է, իմ տղա՞ն է, որ ասում եմ չէ, ուրեմն՝ չէ: Ես Սայաթ Նովա 37Ա տունն եմ բնակվում, եկեք մեր տուն, տեսեք՝ տենց տղա կա, թե չէ: Իմ տղան բանակում ծառայում է, ես նման խնդիր չունեմ»,- նշեց նա:

Հարցին, թե գուցե նախկին կնոջից է իր որդին, գործարարը նշեց. «սիրուն չի, անձնական հարցեր են, կին ունեմ, կինս կնայի, ինչ կմատծի»: «Եթե վատ բան է արել, թող պատժեն, հարցնում եք՝ իմ որդին է, ասում եմ՝ չէ: Ես նախկին կին չունեմ»:

Նշենք, որ ՉԻ» տեղեկություններով՝ վերոնշյալ գործարարը իր որդու դաստիարակությամբ զբաղվելու ու նրան կարգի հրավիրելու փոխարեն մտերիմների շրջանում հրճվում է, որ իրեն հաճախ շփոթում են մեկ այլ գործարարի՝ Ռուբեն Մասումյանի հետ եւ իր հետ տեղի ունեցած արկածներն անգամ վերագրում են Մասումյանին։ «Բախտս միշտ բերում ա, դաժե իմի փոխարեն իրա նկարն են դնում», հպարտությամբ գլուխ է գովում «Ռան ՕՅԼ»-ի սեփականատերը։ Նա, առիթն օգտագործելով, երբեմն չքմեղանում է՝ հայտարարելով, որ ինքը որդի չունի»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցների կողմից մարտի 5-ին Սայաթ-Նովա պողոտայի թիվ 8 շենքի մոտից գործարար «Բենզին Ռուբոյի» բերման ենթարկված որդին՝ 24-ամյա Արման Գալուստյանը հետախուզվում էր փետրվարի 27-ից:  Նա հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով ), 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հատկանիշներով: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ:

Ի դեպ, 2011թ Արման Գալուստյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ նշանակել պատիժ 2 տարի ժամկետով: