News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով նշանակված երկու փորձաքննությունների եզրակացությունը պատրաստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղուկասյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Նա տեղեկացրեց, որ փորձաքննությամբ պարզվել է, որ կրակոցների արգասիքներ չեն հայտնաբերվել ոչ ավտոմեքենայի մեջ, ոչ ավտոմեքենայի վրա, ոչ էլ Սպարտակ Ղուկասյանի հագուստին:

Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, նա նորից չի հարցաքննվել:

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: «Գործը ձգձվում է, ժամանակը չէ՞ արդյոք կամ այն ուղարկեն դատարան, եթե իրենց թվում է, թե մեղադրանքը հաստատվում է, կամ դադարեցնեն հետապնդումը, թե չէ այսպես օդում կախված վիճակ է: Չգիտեմ՝ ինչու է ձգձգվում գործը, դրանից ելնելով չեմ կարող ասել՝ երբ կուղարկվի դատարան»,- նշեց նա:

Իսկ թե ինչ է կատարվել Սամվել Բալասանյանի տան մոտ, փաստաբանն ասաց, որ չգիտի՝ ով ինչ է տեսել կամ լսել, բայց ինքը տեսագրությունը նայելուց հետո որոշեց, որ կարելի է ստանձնել Սպարտակ Ղուկասյանի պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգոռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Տպել
Ամենաշատ