Շարունակվում են մարտի 8-ին անհետացած Malaysian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-ի որոնումները, որը 200 ուղեւորներով Կուալա-Լումպուրից մեկնում էր Պեկին: Առայժմ փրկարարներին չի հաջողվել գտնել ինքնաթիռի բեկորները վառելիքի արտահոսքի շրջանում:

Ինչպես պարզվել է, ինքնաթիռի երկու ուղեւոր կեղծ անձնագրեր են ունեցել: Իտալացի պաշտոնյաները հաղորդել են, որ Լուիջի Մարալդին իր փաստաթուղթը կորցրել է անցյալ տարի օգոստոսին, իսկ Ավստրիայում հաղորդել են, որ իրենց քաղաքացին կորցրել է անձնագիրը Թաիլանդու երկու տարի առաջ:  Հաշվի առնելով այս տեղեկությունը՝ չի բացառվում ահաբեկչության վարկածը: Միջադեպի հետաքննությանը մասնակցում են նաեւ ամերիկյան ՀԴԲ աշխատակիցները: Բացի այդվթարի վայր են մեկնել ԱՄՆ-ի ավիացիոն դաշնային վարչության, Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության, ինչպես նաեւ Boeing ընկերության  մասնագետները:

Հավանական է, ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում միանալ հետաքննությանը, քանի որ ուղեւորների թվում ամերիկյան Freescale Semiconductor ընկերության 20 աշխատակիցներ են եղել:

Վիետնամի հարավային ափերին անհայտացած ինքնաթիռի որոնման համար մեկնել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի ռազմանավերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի օդուժի Orion ինքնաթիռը, որը տեղակայված է Օկինավա կղզում:

Չնայած նրան, որ ահաբեկչության վարկածն ուշադրության է արժանացել, դիտարկվել են նաեւ կատարված այլ բացատրություններ:

Մալազիական զինվորականները, ովքեր ուսումնասիրել են Boeing-ի հետագիծը ռադարների տվյալներով, պարզել են, որ անհետանալուց առաջ այն հետ է վերադարձել Մալազիա:

Հիշեցնենք, որ չինական China Southern Airlines-ի հետ համատեղ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող օդանավը 227 ուղեւորով ու անձնակազմի 12 անդամների հետ, անհետացել է  ռադարների էկրանների տեղի ժամանակով 02:40-ին:

Malaysia Airlines-ն ավելի վաղ հաստատել է, որ անհետացած ինքնաթիռում 154 ուղեւոր ՉԺՀ-ից էր եւ Թայվանից, 38-ը Մալազիայից էին, 7-ն՝ Ինդոնեզիայից, վեցն ավստրալիացի, հինգ հնդիկ, չորս ֆրանսիացի, ԱՄՆ-ի երեք քաղաքացի, երկուական նորզելանդացի, ուկրաինացի եւ կանադացի, մեկական բնակիչ Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ Ավստրիայից: