Կիրակի երեկոյան վիետնամցի փրկարարները հայտնաբերել են Malaysian Airlines ընկերության՝ Հարավչինական ծովում անհետացած Boeing-777-200-ի բեկորները: Ինքնաթիռում գտնվել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:

Վիետնամի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրության համաձայն՝ ենթադրյալ մալազիական օդանավի մնացորդները նկատել են վիետնամական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտարարել են գերատեսչության ներկայացուցիչները, նրանք չեն կարողացել լիարժեքորեն նույնականացնել օբյեկտը լուսավորության պակասի պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ սինգապուրյան որոնողական խումբը հաղորդել էր ենթադրյալ մալազիական Boeing-777-200 օդանավի մնացորդների հայտնաբերման մասին, այդ մասին տեղեկացրել նաեւ վիետնամական փրկարարներին:

Հիշեցնենք, որ չինական China Southern Airlines-ի հետ համատեղ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող օդանավը 227 ուղեւորով ու անձնակազմի 12 անդամների հետ, անհետացել է  ռադարների էկրանների տեղի ժամանակով 02:40-ին:

Malaysia Airlines-ն ավելի վաղ հաստատել է, որ անհետացած ինքնաթիռում 154 ուղեւոր ՉԺՀ-ից էր եւ Թայվանիղ, 38-ը Մալազիայից էին, 7-ն՝ Ինդոնեզիայից, վեցն ավստրալիացի, հինգ հնդիկ, չորս ֆրանսիացի, ԱՄՆ-ի երեք քաղաքացի, երկուական նորզելանդացի, ուկրաինացի եւ կանադացի, մեկական բնակիչ Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ Ավստրիայից: