Եթե Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման հետ կապված իրավիճակի լարվածության թուլացման քայլեր չձեռնարկի, ԵՄ-ն ստիպված կանցնի պատժամիջոցների հաջորդ աստիճանին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Ըստ նրա` դա ստիպված են անելու, եթե մարտի 10-ի կամ 11-ի բանակցությունների ընթացքում Ռուսաստանը չհամաձայնի անցում կատարել իրավիճակի լարվածությունը թոթափելու միջազգային ձեւաչափին, հայտարարել է նա գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:
Նշվում է, որ պատժամիջոցների երկրորդ մակարդակը նախատեսում է Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի մեղավորներին նկատմամբ սահմանափակումներ կիրառել ԵՄ տարածք այցելությունների դեպքում, նաեւ՝ սառեցնել ԵՄ-ում ունեցած նրանց հաշիվները, հայտնում է «cenzor.net»-ը` վկայակոչելով Ազատություն ռադիոն:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ կիրառել էր պատժամիջոցների առաջին փաթեթը: ԵՄ-ում հայտնել էին, որ դա պատժամիջոցների միայն առաջին փուլն է` առաջարկված երեքից:
Այդ նույն օրը ԱՄՆ-ն նույնպես Ռուսաստանի դեմ կիրառել էր իր պատժամիջոցների առաջին փաթեթը եւ նախազգուշացրել, որ հնարավոր են նաեւ հաջորդները:



























