Ռուսական նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի իշխանություններին՝ խնդրելով իրեն մշտական բնակության թույլտվություն տալ այդ երկրում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Խոդորկովսկիի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2013-ի դեկտեմբերի 20-ին Խոդորկովսկիին ազատ արձակելու մասին հրամանագիր էր ստորագրել, որը ավելի քան 10 տարի անազատության մեջ էր գտնվում մեքենայության եւ հափշտակության հոդվածներով: Ազատ արձակումից անմիջապես հետո նախկին գործարարը մասնավոր օդանավով մեկնել էր Բեռլին: Շվեյցարիան, որտեղ բնակվում է Խոդորկովսկիի կինը՝ Իննան, Խոդորկովսկիին երեք ամսով շենգենյան վիզա էր տրամադրել: ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարն ավելի վաղ չէր բացառել, որ կարող է մնալ Շվեյցարիայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























