Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մնում է երկրի նախագահը եւ գերագույն գլխավոր հրամանատարը:

«Ուզում եմ հիշեցնել, որ մնում են ոչ միայն Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը, այլեւ գերագույն գլխավոր հրամանատարը: Ես վաղաժամկետ չեմ դադարեցրել իմ լիազորությունները, ես ողջ եմ, ինձ պաշտոնից չեն հեռացրել Ուկրաինայի Սահմանադրությամբ նախատեսված կարգով»,-ռուսական Դոնի Ռոստով քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Յանուկովիչը եւ հավելել, որ իշխանության ցանկացած մարմին, որը ձեւավորվել է Ուկրաինայում, լեգիտիմ չի կարող լինել:

«Երկրում գործում է ուլտրաազգայնականների եւ ֆաշիստների բանդա, որոնք արդեն նախագահի պաշտոնի են ձգտում»,-նշել է նախկին նախագահը:

Նա նաեւ Ուկրաինայի նոր իշխանություններին մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ: Յանուկովիչի խոսքով՝ իր դեմ ահաբեկչական գործողությունների են ձեռնարկվել: «Դիմում եմ Ուկրաինայի իշխանությունների արեւմտյան հովանավորներին. Դուք կուրացե՞լ եք, դուք մոռացե՞լ եք, թե ինչ է ֆաշիզմը: Ուշքի եկեք, նրանք (Ուկրաինայի նոր իշխանությունները) ցանկանում են բանակը դնել Բանդերայի դրոշի տակ եւ քաղաքացիական պատերազմ հրահրել»,-ասել է Յանուկովիչը:

Նա նաեւ հայտարարել է ԱՄՆ Սենատ, Կոնգրես եւ Գերագույն դատարան դիմելու մտադրության մասին՝ խնդրելով վերանայել Օբամայի վարչակազմի գործողությունների օրինականությունը Ուկրաինայի հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ օրենքները թույլ չեն տալիս ֆինանսական օգնություն ցուցաբերել այն երկրներին, որտեղ տապալված է օրինական ղեկավարը:

Յանուկովիչը հայտնել է, որ Կիեւ կվերադառնա այն ժամանակ, երբ դա թույլ կտան հանգամանքները: «Հեղաշրջման ժամանակ ես չեմ լքել Ուկրաինայի տարածքը: Հենց որ թույլ տան հանգամանքները, իսկ դրան երկար սպասել պետք չէ, ես կվերադառնամ Կիեւ»,-ասել է Յանուկովիչը: