«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին պատկանող 56 մլն դրամը հափշտակելու համար 5.5 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի հայրը համոզված է, որ որդին գողությանը չի մասնակցել. թալանը կազմակերպել է հենց «Մանանա Գրեյն» ընկերությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Աշոտի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը:

«Ասում են՝ իբր տղաս համակարգչից հանել ու իր ծանոթ Էդգար Կարաքեշիշյանին տվել ա տեղեկատվություն, որ «Մանանա Գրեյն»-ը այսքան մեծ գումար է փոխանցելու, այսինքն մասնակցել է գողությանը, բայց տղաս ընդհանրապես նրանց հետ կապ չունի»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ. նոյեմբերին: Ըստ դատական գործի՝ Էդգար Կարաքեշիշյանն ու Արտաշես Գալուստյանը Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար: Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին եւ այդ գումարը ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: Արտաշես Գալուստյանը ոստիկանությանը պատմել էր, որ իրենց գումարի մասին տեղեկությունը տվել էր Աշոտ Առուշանյանը, որին ամիսներ անց ձերբակալել էին եւ արդեն 1.9 ամիս գտնվում է կալանավայրում:

«Տղուս վրա ցուցմունք տվել ա մենակ Արտաշեսը, որն էլ ոստիկանությանը փող տալով ազատվել էր, բայց օրեր անց ինքնասպան էր եղել: Չեմ էլ հավատում ինքնասպանության վարկածին: Մենակ մի մարդու տված ցուցմունքով տղուս դատապարտել են, բայց ես գիտեմ՝ դրա հետեւում հենց «Մանանա Գրեյն»-ն ա կանգնած»,- նշեց Լավրենտ Առուշանյանը:

Բանկի աշխատակցի հոր խոսքով՝ այս ամբողջը կազմակերպել է հենց ընկերությունը:

«Էդ 56 մլն դրամը չի գտնվել, ընդամենը 10 մլն դրամ, որից 6 մլն դրամը Արտաշեսը տվել ա սանիկին՝ Կարեն Մկրտչյանին, իսկ մնացածն էլ հաստատ քննիչներին էլ տվել, որ իրան ազատեն: Մնացած 46 մլն դրամը չկա»,- ավելացրեց Լավրենտ Առուշանյանը:

Երեք տարի առաջ տեղի ունեցած գողության գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Աշոտին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման, իսկ Էդգարին՝ 8 տարվա: Վերաքննիչ դատարանը բեկանել էր վճիռը եւ հետ ուղարկել առաջին ատյանի դատարան:

«Դատախազությունն ու դատավորը ցանկանում են իրականությունը կոծկել ու տղայիս մեղավոր հանել, որ հանկարծ իրական հանցագործները չբացահայտվեն»,- ասաց Աշոտի հայրը՝ նշելով, որ 27-ամյա որդին երկու համալսարան է ավարտել եւ պատրաստվում էր ամուսնանալ:

Դատական հաջորդը նիստը կկայանա մարտի 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնեմ, որ ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալուստյանին /հանգուցյալ/ օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են եւ որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի եւ դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: