Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը զարմացած է, որ գործով տուժողները նիստի ժամանակ վիրավորել են իրեն՝ ասելով, թե «ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ չի լսել, թե իրեն ինչ են ասել, բայց զարմացած է, քանի որ որեւէ առիթ չկար իրեն նման բան ասելու:

Նա պատմեց, որ դրանից առաջ Հակոբյաններին ցավակցելիս տուժողները մեկ անգամ եւս իրեն վիրավորել էին՝ ասելով, որ մահացածների քառասունքի օրը ինքը ներկայացրել է վթարի 3D մոդելավորված տարբերակը, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: «Ես մի անգամ ներել եմ իրենց, մարդիկ պետք է հասկանան, իրենք իմ անձի դեմ ի՞նչ ունեն, հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք: Եթե ինձ, իմ անձին հնչեցնում են վիրավորանք, ապա քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է եւ մասնակցող դատախազը պետք է արձագանքի դրան, իսկ դատավորը պետք է միջնորդի, որ քրեական գործ հարուցվի»,- նշեց նա:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որ դրսեւորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով, դա պատժվում է տուգանքով, ինչպես նաեւ նախատեսում է կալանք՝ 1-2 ամիս ժամկետով:

Հարցին, թե ձեր կողմից պատրաստվում եք քայլեր ձեռնարկել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ չի հավատում, որ դատավորը, որը ականատես է եղել կողմի դեմ ուղղված գործողությանը, պետք է լռի, քանի որ դա արդարադատության դեմ ուղղված քայլ է:

Անդրադառնալով տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարությանը, թե նիստին կարող էր մասնակցել Վարդան Պետրոսյանի 4 փաստաբաններից մեկը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Քրեական դատավարության օրենսգիրքը» պահանջում է, որ պաշտպանը մասնակցի, եթե իրեն նման լիազորություն է տալիս նախաքննության փուլում՝ մեղադրյալը, դատաքննության փուլում՝ ամբաստանյալը: «Նախաքննության փուլում նախաքննական մարմինը, հետեւողականորեն խախտելով օրենքը, չէր տրամադրում փորձաքննությունների պատճենները, եւ իմ բողոքի արդյունքում որոշում է կայացնում որ տրամադրել ինձ փորձաքննությունների եզրակացությունները, որպեսզի ես 1-2 օրում դրանք արտագրեմ եւ վերադարձնեմ, իսկ դրանց ծավալը 120 էջ էր:Այդպես իրենք ուզում էին խոչընդոտել իմ պաշտպանությունը՝ հաշվարկելով, որ մեկ-երկու օրում ֆիզիկապես չեմ կարողանա այդքանը արտագրել: Այդ ժամանակ, որպեսզի աշխատանքները կազմակերպենք, որոշեցինք ներգրավվենք եւս չորս փաստաբանի, որպեսզի ամեն մեկս 20 էջ արտագրի եւ կարողանանք մի քանի ժամում դա կազմակերպել: Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է, որպեսզի նախաքննական մարմինը չխոչընդոտի նյութերի ծանոթացմանը: Երբ ըմբռնեց նախաքննական մարմինը, որ այդ մեթոդով խոչընդոտել հնարավոր չէ, տվեցին պատճենները, փաստաբանների ներգրավումը տվեց արդյունքը, այդ պաշտպանները այլ գործողություն չեն կատարել»,- նշեց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործը դատարան ուղարկելու հետո Վարդան Պետրոսյանը դիմում է գրել եւ լիազորել, որ իր շահերը ներկայացնի ինքը եւ երկու փաստաբան, որոնք հրավիրված են Ֆրանսիայից: Դերասանի փաստաբանը շեշտեց նաեւ, որ «Քրեական դատավարության օրենսգրքով» տուժողի ներյկայացուցիչը իրավասու չէ պարտավորեցնել, որ մյուս փաստաբանները պաշտպանեն Վարդան Պետրոսյանի շահերը:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին հետաձգվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարել էր, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ այս հետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին։ Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ,Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին: Դերասանը մեկ-երկու բառ ասաց, ինչից հետո դատավորը նրան ընդհատեց, իսկ տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։