Լոռու մարզի Ջրաշեն գյուղում նորածնին սպանելու փորձ կատարելու դեպքով դեռ նյութեր են նախապատրաստվում եւ հավանաբար մյուս շաբաթ պարզ կլինի՝ քրեական գործ կհարուցվի, թե նյութերի նախապատրաստմամբ գործի հարուցումը կմերժվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ կինը, ով ծննդաբերել էր տանը եւ նորածնին թողել զուգարանակոնքում, չի աշխատում, ամուսնալուծված է, ունի դուստր: Նա ապրում է Դիլիջանում՝ մոր եւ դստեր հետ:
Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ կինը իրենց համագյուղացին չէ, ընդամենը հյուր էր եկել իրենց գյուղում ապրող եղբոր տուն, որտեղ էլ ծննդաբերել է: Այժմ թե նա, թե նրա հարազատները հայտարարում են, որ կինը երեխային սպանելու նպատակ չի ունեցել, ընդամենը վայրկյանական ծնունդ է եղել:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր` 1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:
Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:




























