ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մարտի 14-ին հետաձգվեց Սեդրակ Զատիկյանին սպանելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդի Ստեփան Հակոբյանի գործով բողոքի քննությունը. ամբաստանյալը չէր ներկայացել դատական նիստին:
Դատական նիստի սկզբում դատարանը տեղեկացրեց, որ նամակ են ստացել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարից. ըստ որի, 33-ամյա Ստեփան Հակոբյանի ներկա առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա մասնակցի մարտի 14-ի նիստին:
Դատարանը որոշեց, որ բողոքի քննությունը չի կարող շարունակվել առանց ամբաստանյալի, եւ նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 2-ը:
Նշենք, որ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջով, որպեսզի բեկանվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը և նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի:
Նշենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։ Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 31-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:




























