Հյուսիսատլանտյան դաշինքը Ուկրաինայի դեպքերի հետ կապված դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը,  CNN-ի հետ բացառիկ հարցազրույցում երկուշաբթի երեկոյան հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 «Մենք այժմ վերաիմաստավորում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները,- ասել է Ռասմուսենը: -Մենք արդեն որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի հետ  գործնական համագործակցությունը: Իսկ երբ ապրիլի 1-2-ին կայանա դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները»:

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման հետեւանքներից մեկը, ըստ Ռասմուսենի, կլինի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացից Ռուսաստանի կրճատումը:

«Մենք որոշել էինք ծովում ամերիկյան նավի անվտանգության ապահովման համատեղ գործողություն անցկացնել, որում պետք է Սիրիայի քիմիական զենքը ոչնչացվեր:  Մենք կհսկենք այն, իսկ Ռուսաստանը չի մասնակցի գործողությանը», - Ռասմուսենի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն: