Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում ռազմական օբյեկտի գրոհի ժամանակ ուկրաինացի ենթասպա է մահացել, իսկ մեկ կապիտան վիրավորվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՊՆ Ղրիմի մեդիա կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Գրոհի ժամանակ մեկ մարդ մահացել է... Նա ուկրաինացի զինվորական է՝ ենթասպան ծառայություն էր իրականացնում զորամասի այգու տարածքում: Վիրավոր ուկրաինացի զինվորականին՝ կապիտան, տեղափոխել են Սիմֆերոպոլի շտապօգնության հիվանդանոց»,-գրել է նա, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
Ավելի ուշ Սելեզնյովը հայտնել է, որ բոլոր հարձակվողները կալանավորվել են եւ զինաթափվել, դրանք ռուսական հատուկջոկատայիններ են եղել:
Իրենց կողմից «Կրիմինֆորմ» պարբերականի լրագրողները հյտնել են, որ Սիմֆերոպոլում անհայտ անձանց կողմից կրակ բացելու հետեւանքով «ինքնապաշտպանության ուժերի» մարտիկ է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են:
Միաժամանակ, «Տեղեկատվական դիմադրություն» խմբի կազմակերպիչ Դմիտրի Տիմչուկը Facebook-ի իր էջում գրել է, որ «բանդիտների սպանության կամ վիրավորվելու մասին մենք տեղեկություններ չունենք», հաղորդում է LB.ua-ն:
«Ներկայումս Ղրիմի լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղրիմի ՆԳՆ-ն, ճիշտ հակառակ տեղեկությունն են տարածում. Իբր փողոցում կրակոցների հետեւանքով ինքնապաշտպանության մեկ մարտիկ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել»,-գրել է Տիմչուկը:




























