Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ մարտական դիրքում, զոհված զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանը Գորիսի Տեղ գյուղից է, իսկ վիրավոր սպան՝ 26-ամյա Վարազդատ Զաքարյանը Արագածոտնի մարզի Սուսեր գյուղից է:
Տեղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արմանը տան ավագն էր, ուներ իրենից փոքր երկու քույր: «Իր արձակուրդ գալու ժամանակն էր, հենց դեպքի օրը պետք է թուղթը տային, որ հաջորդ օրը գար արձակուրդ, զանգել էր տնեցիքին ասել, որ արձակուրդ է գալու, բայց դեպքը եղել է»,-ասաց գյուղապետը: Նա նաեւ նշեց, որ Արմանը շատ համեստ, խելացի, աշխատասեր երիտասարդ է, դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել է ծառայության: Սաղաթել Գալստյանն ասաց նաեւ, որ ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում, «ոչ մեկ չի աշխատում, հազիվ յոլա են գնում»: Ի դեպ, զինծառայողը պետք է զորացրվեր աշնանը:
Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողին, ապա նա Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանի զավակն է: Գյուղապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վարազդատը իր միակ որդին է, ունի երկու դուստր: Նրան դեպքի մասին հայտնել են վաղ առավոտյան, եւ գյուղապետն անմիջապես ուղեւորվել է ԼՂՀ՝ տեսակցելու Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող որդուն: Որդուն տեսնելուց հետո գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին վնասվածք է ստացել ոտքի շրջանում, մի ոտքը վիրավորվել էր մի տեղից, մյուսը՝ երկու տեղից, վիրահատել են, այժմ իրեն լավ է զգում, գիտակցությունը տեղն է, շուտով կտեղափոխեն հիվանդասենյակ: 26-ամյա Վարազդատ Զաքարյանը ամուսնացած է, ունի երկու երեխա՝ դուստր եւ որդի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ զինվոր է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է Մարտակերտի մարտական դիրքերում, զինվորը մահացել է մարտական խնդիր կատարելիս, իսկ սպան տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Մահացող զինվորը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, իսկ վիրավոր սպան 26-ամյա Վարազդատ Զաքարյանն է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով: Գործի շրջանակներում ընթանում է նախաքննություն, ձերբակալվածներ չկան:


























