Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի մասով որոշումը կկայացվի առավելագույնը առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Թե ինչ որոշում կկայացվի, նա չնշեց՝ հավելելով, որ երբ որոշումը լինի, կիմանաք այդ մասին: Իսկ թե ինչ է պարզվել վարչական վարույթի ընթացքում, Գագիկ Եգանյանն ասաց, որ տվյալները չեն կարող հրապարակել, քանի որ դրանք խորհրդապահական են:
«Մեզ դիմած անձինք շատ լուրջ, իրական վտանգի տակ էին Ադրբեջանում, սա յուրաքանչյուր հայի համար պարզ, ակնհայտ ճշմարտություն է: Յուրաքանչյուր հայ մարդ գիտի, որ եթե ծագման մեջ հայկական արմատներ կան, իր արյան մեջ հայի արյուն է հոսում, ապա իր կյանքը եւ ազատությունը խիստ վտանգված է Ադրբեջանում»,- ասաց Գագիկ Եգանյանը;
Նա նշեց, որ ադրբեջանցի ընտանիքը այժմ գտնվում է ապահով վայրում՝ ապահովված նորմալ պայմաններով, նրանք մեկուսացված չեն հասարակությունից:
Հիշեցնենք, որ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:


























