Malaysia Airlines ավիաընկերության օդանավի անհետացման վարկածներից մեկը, որը, ըստ վերջին տվյալների, վթարի է ենթակվել Հնդկական օվկիանոսում, օդանավը միտումնավոր խորտակելու վարկածն է: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը` վկայակոչելով գործի քննությանը մասնակցող աղբյուրները:
Ըստ զրուցակիցների` ոչ հրդեհը, ոչ էլ համակարգերի անսարքությունը չէին կարող դառնալ օդանավի վթարի պատճառ: Ըստ աղբյուրներից մեկի` հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս օդանավի «ռացիոնալ» շարժումը:
«Դա օդանավում գտնվողներից մեկի միտումնավոր գործողությունն է եղել, որը նախապես հստակ պատկերացում ուներ, թե ինչ է կատարվում», — աղբյուրին մեջբերում է հրատարակչությունը:
Նշենք, որ օդանավի միտումնավոր վթարման վերաբերյալ վարկածը դեռ չի հաստատվել Մալազիայի իշխանությունների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Boeing 777-ի Հնդկական օվկիանոսը ընկնելու մասին հայտնել էին ընկեության նախագահը եւ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը: Ավելի ուշ ավիաընկերությունը հայտնել էր, որ մալազիական օդանավի միջազգային որոնումները շարունակվում են:
Մարտի 25-ին Ավստրալիայի ծառայությունները դադարեցրել են Malaysia Airlines ընկերության անհետացած օդանավի բեկորների որոնումները` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:




























