Վարդան Պետրոսյանի քույրն ու քրոջ աղջիկը վթարից ընդամենը ժամեր առաջ եղել են դերասանի տանը, սակայն տեսնելով, որ վերջինս հարբած է՝ հրաժարվել են նրա հետ Երեւան գալ ու տաքսիով են եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին տուժող կողմի հարազատները:

«Այդ օրը նկարահանվել է «Քաղցած չէինք սպասում» հաղորդումը, որին մասնակցել են նաեւ Վարդանի քույրը՝ Աշխենն ու նրա աղջիկը: Վարդան Պետրոսյանն այնքան հարբած է եղել, որ Աշխենն ու աղջիկը վախեցել են ու տաքսիով եկել Երեւան, իսկ ճանապարհին էլ Վարդան Պետրոսյանը հեռախոսով խոսելիս է եղել, հեռախոսազրույցը վերծանվել է: Ինքը սիրուհու մոտ էր շտապում»,- ասացին Հակոբյանները, որոնց զայրացրել է մարտի 25-ին Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանի ներկայացրած 3D մոդելավորումը:

Անդրադառնալով վթարի մանրամասներին՝ նրանք նշեցին, որ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրածն իրականությանը չի համապատասխանում: Հակոբյանների խոսքով՝ կան տասնյակ վկաներ, որոնք դատարանում կապացուցեն հայտնի դերասանի մեղավորությանը: Բացի դրանից նրանք պատրաստվում են բանավեճի հրավիրել Վարդան Պետրոսյանի կողմին: Եթե այս մոդելավորումից առաջ, հնարավոր էր հաշտեցում, ապա հիմա անհնար է դա:

«Հաշտություն չի կայացել, որովհետեւ մենք պահանջել ենք, որ Վարդան Պետրոսյանը հեռուստացույցով ներողություն խնդրի ու ասի, որ ինքը մեղավոր է եղել ու մենք կներեինք Վարդան Պետրոսյանին: Բայց հիմա վերջ. Բոլոր մոստերը վառեցին իրանք»,- ավելացրին նրանք:

Մեր հարցին՝ ինչպես կարող է կալանավորը հեռուստատեսությամբ ներողություն խնդրել, Հակոբյաններն ընդգծեցին. «Ինքը որ ուզում ա, զանգում ասում ա, շատ լավ գիտի էդ միջոցները: Բացի դրանից ինչի՞ ա հինգ ամիս դատապարտյալների հիվանդանոցում: Իմ ամուսինը էս վիճակում տանն ա, շնչել չի կարողանում, թոքերը վատ վիճակում են, բայց մենք բերել ենք տուն, իսկ ինքը արդեն քանի ամիս բուժվում ա»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: