ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնության են եկել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման կարեւորության շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է AP-ն, ՌԴ արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի ընդունի ուղին, որին Ուկրաինայի կառավարությունը չի մասնակցելու: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից առաջարկվող դաշնայնացմանը, ապա Քերին ընդգծել է, որ ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան:

Քերին նշել է, բանակցությունների ընթացքում կողմերն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ են կատարել: «Ես առաջարկությունները կփոխանցեմ նախագահ Օբամային: Սակայն ի վերջո ուկրաինացիներն իրենք պետք որոշում ընդունեն»,- նշել է նա:

Նա դարձյալ հաստատել է միջազգային հանրության աջակցության մասին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի հարցին՝ Քերին հայտարարել է, որ դրանց ներկայությունն Ուկրաինային ահաբեկելու մթնոլորտ է ստեղծում:

Միեւնույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող գործել որպես մեկ միացյալ պետություն եւ պետք է ներկայացնի մարզերի դաշնություն, որոնք իրենք կընտրեն իրենց տնտեսական մոդելը, լեզուն ու կրոնը:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ բանակցություններն Ուկրաինայի վերաբերյալ կայացել են մարտի 30-ին Փարիզում, տեւել են մոտ 4 ժամ: