News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դերասան, ռեժիսոր (նկարահանվել է նաեւ «Կարգին հաղորդման» մեջ) Աշոտ Մելոյանի եղբորորդու՝ զինծառայող Գոռ Մելոյանի առողջական վիճակը նորմալ է,  ջերմություն չունի, ոտքի վրա թարախային գոյացություն կա: Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարության NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողին հետազոտել եւ այժմ էլ շարունակում են հետազոտել ժամանակակից սարքավորումներով, առահժմ որեւէ բան չի հայտնաբերվել: Նրա ծնողներից լրացուցիչ փաստաթղթեր են խնդրել ներկայացնել միջզորակոչային տարիքում նրա բուժզննման վերաբերյալ, մասնավորապես՝  մինչ բանակը կատարված ոտքի վիրահատության մասին:  Այդ փաստաթղթերը ներկայացնելուց եւ հետազոտությունները ավարտելուց հետո պարզ կլինի՝ զինծառայողը  կտեղափոխվի Երեւան՝ հոսպիտալ, թե ոչ:

Ավելի վաղ դերասան Աշոտ Մելոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը. «Ես հենց նոր իմացա, որ հարկավոր է ժամկետային ծառայող Գոռ Մելոյանին տեղափոխել Երեւան: Գոռը ներկա պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ու արդեն 2 ամիս է ոտքը թարախակալված լինելու պատճառով ջերմում է 37,6: Չի կարողանում քայլել: Հոսպիտալի պետը չի թողնում, որ տեղափոխեն Երեւան: Հիմա նրան մոտ մեկ ամիս է ցավազրկողներով են պահում, դեղերը չեն օգնել, երեւի զիլյոնկա են քսում ինչպես միշտ, բայց զինվորը ունի ոտքի լուրջ խնդիր: Չգիտեմ՝ սպասում են երեւի ուշաթափվի, նոր տեղափոխեն: Դիմում եմ իմ ընկերներին՝ ո՞վ ունի ծանոթ Ստեփանակերտի հոսպիտալում: Գոռ իմ եղբոր որդին է»: Ավելի ուշ դերասանը գրել էր, որ անձամբ զրուցել է ԼՂՀ ՊՆ հետ, տեղյակ պահել առկա խնդրի մասի: «ՊՆ զանգել էր Ստեփանակերտի հոսպիտալ, տեղեկացել է՝ ինչը ինչոց է եւ հետ զանգահարեց ինձ ու ասաց որ Երեւանից կամիսիա է գնալու այնտեղ, որ հետամուտ կլինեն: Մի խոսքով՝ արդեն ընթացք են տվել, նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին»: Գոռ Մելոյանի հետ կապված դեպքը զեկուցել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Տպել
Ամենաշատ