«Աջ սեկտորի» զինված ջոկատը լքել է Կիեւի «Դնեպր» հյուրանոցը: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ակտիվիստները հյուրանոցից դուրս են բերել ուսապարկեր, դրել բեռնատարը եւ հեռացել:

Գիշերը ոստիկանությունը բանակցություններ է վարել «Աջ սեկտորի» հետ` զենքերը հանձնելու վերաբերյալ, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ «Աջ սեկտորի» գլխավոր գրասենյակ համարվող հյուրանոցի գրոհ չի նախատեսվում: Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնում են, որ հյուրանոցում «գտնվել են մի քանի տասնյակ զինված անհայտ անձինք»:

Հյուրանոցի մոտ գործողությունն սկսվել էր Կիեւի կենտրոնում հրաձգությունից հետո: Մարտի 31-ի երեկոյան Անկախության հրապարակին մոտ զինված մի տղամարդ կրակել էր երեք մարդու` երկու «մայդանականի» եւ Կիեւի քաղաքապետի տեղակալ Բոգդան Դուբասի վրա:  Նա դեպքի վայրում պատահաբար էր հայտնվել: Պաշտոնյան դուրս է գրվել հիվանդանոցից: 

Միջադեպից հետո հրաձիգը թաքնվել էր «Մաֆիա» ռեստորանում: Մինչ ոստիկանության ժամանելը` ռեստորան էին հասել «Աջ սեկտորի»  զինված ներկայացուցիչները, որոնք հրաձիգին տարել էին «Դնեպր» հյուրանոց:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կատարվածի պատասխանատվոթյունը դրել է ազգայնականների վրա եւ հրամայել «արգելափակել հանցախումբը»: Ըստ նրա` հրաձգությունն իրականացրել է  «Աջ սեկտորի» անդամ, 1981թ. ծնված Անդրեյ Կոզյուբչիկը: Տղամարդն արդեն ձերբակալված է եւ ՈՒԱԱ-ի քննչական մեկուսարանում է գտնվում:

Սակայն «Աջ սեկտորը» Ավակովի մեղադրանքներն անվանել է «հերյուրանք» եւ հերքել իր մասնակցությունը կատարվածին: 
Նշենք, որ Ավակովի եւ ծայրահեղ ազգայնականների միջեւ կոնֆլիկտն օրեցօր սրվում է: «Աջ հատվածը» պահանջում է Ավակովի հրաժարականը` Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության պատճառով: Վերջինս սպանվել էր մարտի 25-ի գիշերը։