Չիլիում տեղի ունեցած հզոր երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհվել է հինգ մարդ՝ չորս տղամարդ եւ մեկ կին, մի քանիսն էլ՝ վիրավորվել։ 8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 1-ի երեկոյան։
Հաղորդվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Իկիկե քաղաքից 83 կմ հյուսիս-արեւմուտք։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորությունում, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը։
Ցունամիի ալիքների բարձրությունը գերազանցում է 2 մետրը։ Ըստ Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի՝ ալիքը կարող է լուրջ ավերածությունների պատճառ դառնալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները։
Իշխանությունները Չիլիի եւ Պերուի ափամերձ մի շարք բնակավայրերում հայտարարել են բնակիչների տարհանում։
Տագնապի կարմիր աստիճան է հայտարարվել նաեւ Էկվադորի ափամերձ շրջաններում։ Հնարավոր ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել նաեւ Կոլումբիայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Սալվադորում, Նիկարագուայում։



























